Պոմպիդու կենտրոն (Փարիզ)


Պոմպիդու կենտրոն (Փարիզ)




Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոն, Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre national d’art et de culture Georges-Pompidou), կամ Ժորժ Պոմպիդու կենտրոն (ֆր.՝ Centre Georges-Pompidou sɑ̃tʁ ʒɔʁʒ pɔ̃pidu), մշակութային կառույց, որը գտնվում է Փարիզի 4-րդ շրջանի Բոբուր թաղամասում։ Պոմպիդու կենտրոնը անվանակոչվել է ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի (1969-1974), որը մեծ ավանդ է ունեցել դրա ստեղծման գործում։ Բացումը տեղի է ունեցել 1977 թվականին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի կողմից։ Կենտրոնի գործունեությունը նվիրված է ժամանակակից և 20-րդ դարի արվեստի ուսումնասիրմանն ու օժանդակությանը՝ իր տարբեր դրսևորումներում (կերպարվեստ, պար, երաժշտություն և այլն)։

Պոմպիդու կենտրոնն ներառում է նաև Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, որը Եվրոպայի ժամանակակից արվեստի թանգարաններից ամենամեծն է, մեծ գրադարան, համերգային և ցուցահանդեսային սրահներ, Ակուստիկայի և երաժշտության հետազոտման և համակարգման ինստիտուտը։ Տեղադրության պատճառով կենտրոնը հայտնի է նաև Բոբուր անվամբ։

1938 թվականին Ժ. Պոմպիդու կենտրոն, ձեռք է բերել հայազհի մեծանուն նկարիչ Ե․ Քոչարի «Արևելուհիներ» (1926թ.) գեղանկարը, որը ցուցադրվել է Ժ.Պոմպիդուի կենտրոնում բացված  «Modernites plurielles»   ցուցահանդեսում։ Իսկ 1963 թվականին ձեռք է բորում Ե․ Քոչարի փարիզյան շրջանի տարածական նկարներից մեկը, որը 1990-1991 թվականներին մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i  Olimpiada Cultural»-ի կողմից կազմակերպված «Antiguitat/Modernitat en l’art  del segle XX» ցուցահանդեսին, իսկ 1998-1999 թվականներին մասնակցում է «Forjar el Espacio. La escultura forjada en  el siglo XX» միջազգային շրջիկ ցուցահանդեսին՝ Մեծ Կանարյան կղզիներ՝ «Centro   Atlantico  de Arte Moderno»  ցուցասրահում, Վալենսիա՝  Խուլիո Գոնզալեսի կենտրոնում (IVAM  Centre Julio González), Ֆրանսիայի Կալե քաղաք «Musée des Beaux – Arts et de  la Dentelle»-ի ցուցասրահներում։

Կենտրոնը համարվում է Ֆրանսիայի երրորդ ամենաշատ հաճախելիություն ունեցող տեսարժան վայրը՝ Լուվրից ու Էյֆելյան աշտարակից հետո։ 2006 թվականի տվյալներով 1977 թվականից Պոմպիդու կենտրոն է այցելել ավելի քան 180 մլն այցելու, 2013 թվականին՝ 5,209,678, որից 3,746,899-ը՝ թանգարան։

Պոմպիդու կենտրոնի առջև գտնվող հրապարակը շատ են հավանում նկարիչները, թափառական արտիստները, երաժիշտները և կրկեսի արտիստները։ Պոմպիդու կենտրոնից աջ է գտնվում Ստրավինսկու հրապարակը, որտեղ գտնվում է համանուն արտասովոր շատրվանը։

Ճարտարապետություն

Շենքն ունի ժամանակակից դիզայն, երկարությունը՝ 166 մ է, լայնությունը՝ 60 մ, բարձրությունը՝ 42 մ։ Կառուցվել է Ռենցո Պիանոյի նորարական նախագծով, որն ընտրվել է 680 մրցութային աշխատանքներից։ Ճարտարապետների օրիգինալ գաղափարը շենքի տեխնիկական բոլոր կոնստրուկցիաները (արմատուրաների միացումները, բոլոր խողովակաշարերը, վերելակները և շարժասանդուղքները) դրսի կողմից տեղադրելն էր, որը հնարավորություն տվեց ազատել 40 000 մ² ծավալով տարածություն։ Արմատուրաների միացումները գունավորված են սպիտակ, օդափոխիչ խողովակները՝ կապույտ, ջրատարները՝ կանաչ, էլեկտրահաղորդալարերը՝ դեղին, իսկ շարժասանդուղքները՝ կարմիր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Փարիզում կազմակերպվել են Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսներ
  • Կաբայի մոտ։ Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի կենտրոնը
  • Արվեստի համադրումներ
  • Պաշտոնական կայքը՝ անգլերենով (անգլ.)
  • Պոմպիդու կենտրոնի հանրային գրադարանի կայք (ֆր.)
  • Բրիտանական հանրագիտարան Պոմպիդու կենտրոն (անգլ.)
  • Փարիզյան էջեր - Ժամանակակից արվեստի ազգային թանգարան Archived 2006-03-16 at the Wayback Machine. (անգլ.)
  • - Պոմպիդու կենտրոնն ու իր ազդեցությունը (ֆր.)
  • Լուսանկարներ Archived 2003-10-26 at the Wayback Machine. (ֆր.)
  • Դոսիե Ռիչարդ Ռոջերս + Ճարտարապետներ, 2007թ. ցուցահանդես Պոմպիդու կենտրոնում Archived 2009-04-24 at the Wayback Machine. (անգլ.)
  • Ֆոտոսինթեզի փորձարկումներ։ Պոմպիդու կենտրոն Archived 2011-07-16 at the Wayback Machine.(ֆր.)

Text submitted to CC-BY-SA license. Source: Պոմպիդու կենտրոն (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité