Aller au contenu principal

Կոմեդի Ֆրանսեզ


Կոմեդի Ֆրանսեզ




Ֆրանսիական կատակերգական թատրոն (ֆր.՝ Comedie-Francaise), Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոնը։ Հիմնադրվել է 1680 թվականին, Փարիզում, Լյուդովիկոս XIV-ի հրամանագրով՝ միավորելով Մոլիերի և «Բուրգունդյան օթել» թատրոնները։

Թատերախմբում էին Մ. Շանմելեն, Մ. Բարոնը, Շ. Լագրանժը, Ա. Բեժարը և ուրիշներ։ Ձեռք բերելով դրամայի բեմադրության մենաշնորհ՝ «Կոմեդի Ֆրանսեզը» համախմբել է մեծ դերասանների։ XVIII դարում թատրոնում կլասիցիզմի պալատա-ազնվականական և դեմոկրատա-լուսավորական միտումները սահմանազատվել են. «վոլտերյան» դերասաններ Ա. Լեկուվրյորը, Մ. Դյումենիլը, Ի. Կլերոնը, Ա. Լյոկենը, Ֆ.-Ժ. Տալման, Մ.-Մ. Գիմարը, պահպանելով կլասիցիզմի նորմերը, ձգտել են դեկլամացիայի, բեմական վարքագծի հոգեբանական հավաստիության։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին «Կոմեդի Ֆրանսեզը» անվանվել է «Ազգի թատրոն»։ XIX-XX դարերի խոշորագույն դերասաններից էին Է. Ռաշելը, Ժորժը, Մարսը, Սառա Բեռնարը, Ժ. Մունե-Այուլլին, Ժաննա Սամարին։

Ռեալիստական ավանդույթները հիմնականում զարգացրել են կատակերգակներ Է. Գոն, Բ. Կոկլենը։ 1930-ական թվականներին թատրոնում գործել են ռեժիսորներ Ժ. Կոպոն, Լ. Ժուվեն, Շ. Դյուլենը, Գ. Բատին; Ներկայացվել են Պ. Կոռնելի, Ժ. Ռասինի, Մոլիերի, Պ. Մարիվոյի, Պ. Բոմարշեի, Ա. Մյուսսեի և այլոց երկերը։ Թատրոնի առաջատար դերասաններից են (1950-1960-ական թվականներ) Ժիզել Կազեդեզյուսը, Լուի Սենիեն, Ժան Մարեն, Ժաննա Մորոն, Մարիա Կազարեսը, ժ. Մեյերը, Մ. էսկանդը, Ժ. Բերտոն։ «Կոմեդի Ֆրանսեզը» ելույթներ է ունեցել արտասահմանում (1954, 1964, 1969, 1973 թվականներին՝ ԽՍՀՄ-ում)։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կոմեդի Ֆրանսեզ by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité