Սեն Լուի կղզի


Սեն Լուի կղզի



Սեն–Լուի կղզի (ֆր.՝ Île Saint-Louis), կամ Սուրբ Լյուդովիկոսի կղզի, Փարիզի կենտրոնում Սեն գետի երկու կղզիներից մեկն է։ Գտնվում է Սիտե կղզուց արևելք և միանում է նրան Սեն–Լուի կամրջով։ Մտնում է Փարիզի չորրորդ վարչական շրջանի մեջ։ Բնակչությունը՝ 2426 մարդ (2013

Պատմություն

Ի տարբերություն հարևան Սիտե կղզու, որի պատմությունը սկիզբ է առնում Անտիկ աշխարհից, Սեն-Լուին երկար ժամանակ մնացել է չբնակեցված։ Այն բաղկացած էր երկու փոքրիկ կղզուց (Île aux Vaches և Île Notre Dame), որոնք միմյանցից բաժանված էին գետաբազուկով։ Այս կղզիները պատկանում էին Փարիզի Աստվածամոր տաճարին և օգտագործվում էին որպես արոտավայրեր։ Այստեղ գալիս էին լվացարարուհիները սպիտակեղեն լվալու և դուելիստները՝ դուելներ անցկացնելու համար։

1614 թվականին Լյուդովիկոս XIII-ի հրամանով ինժեներ Քրիստոֆ Մարին սկսում է կարգի բերել կղզին․ առուն ծածկվում է, իսկ գետափը՝ ամրացվում։ Կառուցվում են Սենի ափերի հետ կապող կամուրջներ։ Սեն-Լուի կղզին փարիզյան Մարե թաղամասի հետ կապող կամուրջը մինչև այժմ էլ կրում է կառուցողի անվանումը՝ Մարիի կամուրջ։ Այն կառուցվել է 1635 թվականին և կառուցապատվել բնակելի տներով, ինչպես դա ընդունված էր այդ ժամանակներում։

Կղզու տարածքը ի սկզբանե օգտագործվել է առևտրականների և վաճառականների համար նախատեսված տներ կառուցելու համար։ Սակայն 1638 թվականից սկսած՝ նվիրապետության հետ վեճերի ավարտից հետո, այստեղ հաստատվել են նաև հարուստ քաղաքացիներ։ Կղզու կառուցապատումն իրականացվում էր ըստ խիստ նախագծի։ «Հյուրանոցների» (մասնավոր առանձնատներ) մեծամասնությունը կառուցվել են ճարտարապետների Լևո դինաստիայի նախագծերով։ Նմանօրինակ առանձնատներից է Լամբեր հյուրանոցը, որտեղ ժամանակին բնակվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն և բարոն Գի դը Ռոտշիլդը։

1726 թվականին կղզին իր անվանումը ստանում է Լյուդովիկոս IX-ի պատվին, որը հռչակվում է սուրբ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կղզին վերանվանվել է Եղբայրության կղզի (ֆր.՝ Île de la Fraternité), սակայն հետագայում վերադարձ է կատարվել Սեն-Լուի կղզի անվանմանը։

Այսօր կղզում բնակվում են Փարիզի ամենահարուստ մարդիկ։

Տեսարժան վայրեր

  • Սեն-Լուի ան լ'Իլ եկեղեցի, ըստ Ֆրանսուա Լևոյի նախագծի,
  • Լամբեր հյուրանոց, վերակառուցվել է 1640-1644 թվականներին, Լուի Լևո
  • Լոզեն հյուրանոց, վերակառուցվել է 1656-1657 թվականներին ըստ Լուի Լևոյի նախագծի։ Նախկինում պատկանել է Ռիշելյե ընտանիքին։ 19-րդ դարում այստեղ հավաքվում էր Թեոֆիլ Գոթիեի, Շառլ Բոդլերի և նկարիչ Բուասարի հիմնադրած «Հաշիշիստների ակումբը»։ Ակումբի անդամների կազմում էին Օնորե դը Բալզակը, Ալեքսանդր Դյուման, Դելակրուան և Ժերար դը Ներվալը։
  • Լևո հյուրանոց, կառուցել է Լուի Լևոն
  • Բերտիյոն սրճարան, հայտնի է իր պաղպաղակներով։

Կամուրջներ

  • Սեն-Լուի կամուրջ, միացնում է Սիտեն կղզին Սեն-Լուիի հետ,
  • Տուրնել կամուրջ, աջ ափի հետ,
  • Լուի-Ֆիլիպի կամուրջ, ձախ ափի հետ,
  • Մարիի կամուրջ, աջ ափի հետ,
  • Սյուլլի կամուրջ, միացնում է Սենի երկու ափերը։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Սեն Լուի կղզի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité