Օրանժերի թանգարան


Օրանժերի թանգարան




Օրանժերի թանգարան (ֆր.՝ Le Musée de l’Orangerie), նկարների պատկերասրահ Փարիզում, որը ներկայացնում է իմպրեսիոնիստների և պոստիմպրեսիոնիստների աշխատանքներ: Գտնվում է Կոնկորդի հրապարակում:

Օրանժերի թանգարանը գտնվում է Տյուրլի այգու արևմտյան ծայրում, Լուվրից և Օրսե թանգարանից ոչ հեռու: Վերջինիս մասնաճյուղն է: Թանգարանը գտնվում է 1852 թվականին ճարտարապետ Լուի Վիսկոնտիի մասնակցությամբ կառուցված ջերմոցի շենքում: 19-րդ դարում ձմեռային շրջանում ջերմոցում մեծ տակառների մեջ պահվում էին նարնջի ծառեր, որոնք ամռանը դրվում էին Տյուլրիի այգու տարբեր հատվածներում:

Ջերմոցի շինությունը թանգարանի է վերածվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ֆրանսիացի պետական գործիչ Ժորժ Կլեմանսոյի որոշմամբ, Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կտավի պահպանման համար. Մոնեն վարչապետի մտերիմ ընկերն էր: Թանգարանն այնպես էր մտածված, որ սրահի պատերին փակցված ջրաշուշանների նկարները դիտողի մոտ սուզման տպավորություն էին թողնում:

Չնայած Մոնեի Ջրաշուշանները դեռևս թանգարանի ցուցադրության ամենահայտնի մասն են, թանգարանը հետագայում մի քանի անգամ վերակառուցվել է ու փոխել իր կարգավիճակը: Կառուցվածքի փոփոխության նպատակը ճիշտ լուսավորություն ստանալն էր, ինչպես նաև` Ժան Ուոլտերից և Պոլ Գիյոմից ստացած նկարների մեծ հավաքածուի համար տարածք ընդլայնելը: Շենքի վերակառուցումից հետո 1978-1984 թվականներին ստացված նկարները ցուցասրահներում ներկայացվել են «Ժան Ուոլտերի և Պոլ Գիյոմի հավաքածու» անվամբ:

2000-2006 թվականներին թանգարանը ևս մեկ անգամ վերակառուցվել է. վերակառուցումն արժեցել է 30 միլիոն եվրո: Թանագարնում մշտական ցուցադրությունից բացի կա նաև ժամանակավոր ցուցադրության տարածք և գրադարան:

Թանգարանում ներկայացված են Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Ամեդեո Մոդիլիանիի, Անդրե Դերենի, Խայիմ Սուտինի, Մարի Լորանսենի, Մորիս Ուտրիլլոյի, Պոլ Գոգենի, Ալֆրեդ Սիսլեյի, Անրի Ռուսոյի և այլ նկարիչների աշխատանքներ:

Օրանժերի թանգարանը հատկապես հայտնի է Օվալաձև սրահով, որտեղ ցուցադրված են Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքը: Աշխատանքներն զբաղեցնում են ամբողջ սրահը. դրանք կարելի է դիտելով` նստելով սենյակի կենտրոնում տեղակայված բազմոցին:

Թանգարանի առջև ցուցադրված են Օգյուստ Ռոդենի քանդակները, ինչպես նաև` մի քանի այլ քանդակներ:

Թանգարանն աշխատում է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից, ժամը 09:00-18:00:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • (ֆր.) Պաշտոնական կայքը
  • (ֆր.) You Tube, Թանգարան Օրանժերի

Text submitted to CC-BY-SA license. Source: Օրանժերի թանգարան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité